2025–ի հունվարի 1–ից Հայաստան–Իրան և Հայաստան–Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների հետ համատեղ կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան–Իրան պետական սահմանի հսկիչ–սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշել է, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»,–ասվում է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաև մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ։ Նշվել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում նույնական է։
«Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ»,–ասվում է գրառման մեջ։
2024 թ. օգոստոսի 1-ից ՌԴ–ն այլևս չի իրականցնում ՀՀ «Զվարթնոց» օդային անցակետում ՀՀ պետական սահմանի պահպանության ապահովման գործառույթը:
ՌԴ սահմանապահները ՀՀ սահմաններին տեղակայվել են ՌԴ և ՀՀ միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրով: