9 հոկտեմբերի 2024 - 10:34 AMT
Փաշինյան. ՀՀ-ն չի համաձայնել` 3-րդ երկրներն ապահովեն հաղորդակցության անվտանգությունն իր տարածքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում հայտարարել է, որ բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանն ինչ-որ կերպ համաձայնել է, որ երրորդ երկրներն են ապահովելու հաղորդակցության անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։

Նա նշել է, որ ՀՀ–ն պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը։

«Դա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք։ Իր տարածքում անվտանգության ապահովումը ցանկացած երկրի ինքնիշխան պարտավորությունն է։ Սա մեր գործն է, և մենք դա երաշխավորված կանենք»,–ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ է բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման թեման Հարավային Կովկասում կայունության հաստատման կարևոր ասպեկտ է։

«Այս հարցում մենք առաջարկում ենք կոնկրետ լուծումներ, որոնք արտացոլված են մեր կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այս նախագծի էությունը հետևյալն է՝ Հայաստանը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն իր տարածքով՝ Վրաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, և այլն։ Մենք պատրաստ ենք ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Արձագանքելով մեր առաջարկներին՝ Ադրբեջանն ընդգծում է, որ եթե Հայաստանը չի ցանկանում բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, Ադրբեջանը կօգտվի Նախիջևանի հետ կապվելու Իրանի Իսլամական Հանրապետության ընձեռած հնարավորություններից։ Մենք, իհարկե, չենք առարկում, քանի որ սա երկու երկրների ինքնիշխան հարաբերությունների խնդիր է։ Բայց ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ցանկանում է տարածաշրջանային հաղորդուղիների բացում և որ մենք պատրաստ ենք մեր տարածքով տրանսպորտային հաղորդակցություններ տրամադրել միևնույն պայմաններով, ինչ տրամադրվում է Իրանի կողմից։ Ավելին, մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում՝ փոխադարձության, իրավահավասարության, կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներում»,–ասել է Փաշինյանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում մինչ ԱՊՀ պետությունների եկավարների խորհրդի նիստի մեկնարկը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու հանդիպումներն էլ նվիրված էին նույն թեմային՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը՝ 2020 թվականի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասուլիսում ասել է, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտադիր չեն եռակողմ հանդիպում անցկացնել՝ Բաքվի և Երևանի միջև կարգավորման շուրջ։