Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախագահական նստավայրում ՀՀ նախագահր Վահագն Խաչատուրյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ասել է, որ Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ ինչպես միջմշակութային կապերի, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացումը խթանելով։
«Տեղյակ եմ, որ մեր հետաքրքրությունը փոխադարձ է»,–ասել է նա։
Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել Հայաստան այցելելու իր ցանկությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Պարոն նախագահ, ինձ համար պատիվ է գտնվել Գերմանիայի նախագահական նստավայրում, շնորհակալություն եմ հայտնում նաև Համբուրգի Կայունության համաժողովին հրավերի համար: Կարևորում եմ համաժողովի բովանդակությունը, որտեղ հնչեցին խաղաղությանը միտված նոր գաղափարներ և հայեցակարգեր: Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանի և Գերմանիայի միջև առկա սերտ համագործակցությունը ամենատարբեր ուղղություններով, իսկ Գերմանիայի ներկայությունը մեր իրականության մեջ նշանակալի և զգալի է ամենատարբեր ոլորտներում:
Մենք կարևորում ենք և գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունն ու ներդրումը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում: Վստահ եմ, որ առաջիկայում էլ մեր փոխգործակցությունը շարունակելու է ընդլայնվել տնտեսության, էներգետիկայի, մշակույթի, կրթության և այլ ուղղություններով, ինչի համար առկա է երկկողմանի ցանկություն և զգալի ներուժ»:
Հանդիպման ընթացքում Գերմանիայի նախագահը հետաքրքրվել է տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակից և զարգացումներից: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ կերպով շարժվում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու ճանապարհով և այս նպատակի համար շրջանառության մեջ է դրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, նախագահը նշել է, որ հայկական կողմն ինչպես նախկինում, ներկայումս էլ հանդես է գալիս առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման դիրքից և այս առումով նաև որոշակի քայլեր ձեռնարկվել են սահմանային ենթակառուցվածքների ստեղծման և վերականգնման ուղղությամբ:
Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումն է բոլոր հարևան պետությունների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
«Մեզ համար հստակ է, որ առանց խաղաղության, կայունության և բարիդրացիության հնարավոր չէ ունենալ ակնկալվող զարգացումը մեր տարածաշրջանում և, ընդհանարապես ամբողջ աշխարհում»,- ասել է նախագահը:
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի համագործակցության մի շարք օրակարգային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և գլոբալ մի շարք հիմնախնդիրների, որոնց վերաբերյալ նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները:
Զրույցի ավարտին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի ձգտումներին և հնարավոր ջանքերը կգործադրի հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման համար: