ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Այդ հոդվածով 18 տարին լրացած անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում տարածելը, ցուցադրելը, 16 տարին չլրացած անձի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 տարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը, եթե բացակայում են օրենսգրքի 198-րդ, 199-րդ կամ 200-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամսով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարով:
«Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։
Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։ Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում»,–ասվում է գրառման մեջ։