11 հոկտեմբերի 2024 - 15:14 AMT
Պետդեպի և ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է ԵՄ առաքելության անդամներին

ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամների հետ: Այդ մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում:

«Ուրախ էինք ընդունել Մարտունիում ԱՄՆ Պետդեպի և ԱՄՆ դեսպանատան պատվիրակներին։ Առաքելության դիտորդներն արժեքավոր տեղեկություններ են փոխանցել վերջին զարգացումների և տեղում առաքելության ընթացիկ աշխատանքի վերաբերյալ», - ասվում է գրառման մեջ:

Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելությունը շուրջօրյա պարեկություն է իրականացնում ՀՀ և Ադրբեջանի սահմանին: Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը, որով դիտորդներն օգտվում են իրավական անձեռնմխելիությունից։

2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն՝ 2 տարի ժամկետով։ Ներկայում Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելություն իրականացնող եվրադիտորդների թիվը 209 է: