11 հոկտեմբերի 2024 - 18:30 AMT
WSJ․ Իրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցներին, եթե հարձակման ենթարկվի

Թեհրանը գաղտնի դիվանագիտական ուղիներով իրազեկել է, որ Պարսից ծոցի նավթով հարուստ երկրներն ու ԱՄՆ դաշնակիցները Մերձավոր Արևելքում իր հարվածների թիրախը կարող են դառնալ, եթե նրանց տարածքը, այդ թվում օդային, օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար։ Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ արաբական աղբյուրների վրա հղումով։

Նախազգուշացումներ են ստացել Հորդանանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Կատարը, որոնց տարածքում ամերիկյան զինվորականներ կան, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այդ երկրները զգուշացրել են Վաշինգտոնին, որ չեն ցանկանում ռազմական ենթակառուցվածք կամ օդային տարածք տրամադրել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի վրա հարձակողական գործողությունների համար։

Հոկտեմբերի 1-ին Իրանը մոտ 200 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ որպես պատասխան լիբանանյան «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությանը։ Ըստ ԶԼՄ–ների, Իսրայելն, ի պատասխան Իրանի հարվածների, դիտարկում է նաև Թեհրանի միջուկային օբյեկտների թիրախավորման հնարավորությունը: