12 հոկտեմբերի 2024 - 14:23 AMT
Freedom House. Բաքվում COP29-ին հնարավորություն կա Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների ոտնահարման համար

Հաջորդ ամիս Բաքվում կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա համաժողովի ժամանակ ժողովրդավարության պաշտպանները հնարավորություն ունեն ադրբեջանական ռեժիմին պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների ոտնահարման համար և մղել փոփոխությունների։ Այդ մասին ասվում է Freedom House-ի հոդվածում։

«Ավելի քան մեկ տարի առաջ ադրբեջանական զինուժը կայծակնային ռազմական գրոհ է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի՝ նախկինում ինքնակառավարվող տարածքի վրա՝ լուծարելով այդ տարածքի քաղաքական, իրավական և քաղաքացիական ինստիտուտները և տեղահանելով էթնիկ հայ գրեթե ամբողջ բնակչությանը։ Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը ուժեղացրել է բռնաճնշումները ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ դրսում։

Հրապարակայնորեն կոչ անելով «COP29 զինադադար»՝ «հաղթահարելու քաղաքական տարաձայնությունները և համախմբվելու միասնականության մեջ», Ադրբեջանի իշխանությունները փաստացի միայն ուժեղացրել են բռնաճնշումներն ամբողջ երկրում։ Թույլ տալով ավտոկրատներին կառուցել իրենց հեղինակությունը՝ անցկացնելով գլոբալ համաժողովներ, մենք, հնարավոր է, վտանգի ենք ենթարկում գլոբալ հրատապ խնդիրների և մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև բազմակողմ ֆորումների վստահելիությունը: Միջազգային հանրությունը չպետք է բաց թողնի հնարավորությունը՝ օգտագործելու COP29-ը՝ ընդգծելու Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը և փոփոխությունների քարոզչություն անելու համար»,- ասվում է հրապարակման մեջ, գրում է Factor.am-ը։

Նշվում է, որ Ադրբեջանն աշխարհի ամենաանազատ երկրների շարքում է, որտեղ բացակայում են ազատ լրատվամիջոցներն ու օրենքի գերակայությունը, արգելվում են ազատ հավաքները, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և քաղհասարակության կազմակերպությունների գործունեությունը խստորեն վերահսկվում է իշխանությունների կողմից:

2023–ին Լեռնային Ղարաբաղի տարածքը բռնությամբ զավթելուց հետո Ալիևի ռեժիմը ծայրահեղ ճնշում է գործադրում քաղաքացիների նկատմամբ և անարդար ընտրությունների միջոցով ավելի է ամրապնդել նախագահի իշխանությունը։ Այս նոյեմբերին միջազգային հանրության ներկայացուցիչների այցից առաջ Բաքուն փորձում էր կանխել ցանկացած հասարակական այլակարծություն՝ «մաքրելով քննադատներին» և անցկացնելով անարդար ու անազատ ընտրություններ՝ ռեժիմի իշխանությունն է՛լ ավելի ամրապնդելու համար:

Նշվում է, որ օգոստոսին ադրբեջանցի հետազոտող և հայերի հետ խաղաղության ջատագով Բահրուզ Սամադովը ձերբակալվել է դավաճանության շինծու մեղադրանքով։ Հաջորդ օրերին խաղաղության երկու այլ ակտիվիստներ՝ Սամադ Շիխին և Ջավիդ Աղան, բերման են ենթարկվել։

Freedom House-ն ընդգծում է, որ Ալիևի բռնաճնշումները չեն սահմանափակվում Ադրբեջանի սահմաններում։Այն 44 երկրներից մեկն է, որը հայտնի է՝ օգտագործում է անդրազգային ռեպրեսիվ մարտավարություն՝ ուղղված ակտիվիստներին, լրագրողներին բռնությամբ ահաբեկելուն՝ քննադատությունը լռեցնելու համար:

Վերջին տարիներին Ալիևի քննադատները բախվում են բռնի հարձակումների Եվրոպայում, իսկ հարևան Վրաստանում ադրբեջանցի լրագրողները սպառնալիքներ են ստանում։ Անցյալ ամիս Ֆրանսիայում վտարանդիության մեջ ապրող Ալիևի ռեժիմի հայտնի քննադատ Վիդադի Իսկենդերլին իր տանը դաժան հարձակման է ենթարկվել։ Նրան դանակի ավելի քան 20 հարված է հասցվել, որից երկու օր անց ստացած վնասվածքներից նա մահացել է։

Ադրբեջանը միանում է Freedom House-ի Freedom in the World զեկույցում ոչ ազատ վարկանիշ ունեցող երկրներին, որոնք վերջին 30 տարվա ընթացքում հյուրընկալում են COP-ը, մյուսներն են՝ Կատարը՝ 2012-ին, Եգիպտոսը՝ 2022-ին և ԱՄԷ-ն՝ 2023-ին: Բաքուն այս պատիվը ստացել է Ռուսաստանի մեծ օգնությամբ. օգտագործելով կոնսենսուսի անհրաժեշտությունը՝ Կրեմլը բազմիցս արգելափակել է Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի թեկնածուների մեծամասնության թեկնածությունները։

Ի վերջո, Հայաստանը համաձայնել է հանել արգելքը՝ փորձելով առաջ տանել Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները։ Եվ երբ 2023 թվականի վերջին Բուլղարիան հանեց իր թեկնածությունը, Ադրբեջանը միակ թեկնածուն էր։

Կազմակերպությունը նշում է, որ Բաքվում համաժողովը տեղի է ունենալու, սակայն ուշ չէ այն օգտագործել՝ ուշադրություն հրավիրելու Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող շարունակական չարաշահումների վրա և պաշտպանելու մարդու իրավունքները։

«Որպես մեկնարկային կետ՝ մասնակից կառավարությունները պետք է պնդեն, որ իշխանությունները երաշխավորեն քաղաքացիական հասարակության բոլոր ներքին և միջազգային դերակատարների անվտանգությունը երկրում՝ ապահովելու, որ կլիմայի վերաբերյալ այս կարևոր բանակցությունները ներառական և իմաստալից լինեն:

Նմանապես, բոլոր մասնակիցները պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների մասին խիստ մտահոգությունները, հատկապես ընդգծելով բնապահպան ակտիվիստների վիճակը՝ դրանով իսկ սահմանափակելով ռեժիմի հնարավորությունը՝ օգտագործելու համաժողովն իրեն մաքրելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։