Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը պահանջել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Շարժման ներկայացուցիչներն այդ պահանջով հոկտեմբերի 13–ի երեկոյան՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում հավաքականի պարտությունից հետո, հավաքվել էին ՀՖՖ գրասենյակի մոտ։
Նրանք հանդիպում էին պահանջում ՀՖՖ նախագահի հետ, սակայն, այն չի կայացել։ ։
«ՀՖՖ նախագահը նույնիսկ լայաղ չի անում գա մեզ հետ հանդիպման։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Այս պարագայում ՀՖՖ նախագահը պետք է հեռանա»,- հայտարարում է ՖԱՖ անդամներից մեկն ակցիայի ժամանակ, հայտնում է Panorama.am-ը։
Երկրպագուները նշել են, որ ՀՖՖ նախագահը սպառել է իրեն, ֆեդերացիայի՝ նրա նախագահության օրոք ֆուտբոլը չի զարգանա Հայաստանում։
«Հավաքականի մարզչին հեռացնելը մեզ համար բավարար չէ»,-Հայաստան-Մակեդոնիա խաղից հետո ՀՖՖ շենքի դիմաց հայտարարել են նրանք։
ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0։2 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։