14 հոկտեմբերի 2024 - 14:54 AMT
Ղազախստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը

Հոկտեմբերի 14–ին Ղազախստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Ղազախստան պաշտոնական այցի պատվիրակության կազմում մեկնել է Աստանա` մասնակցելու օրերի միջոցառումներին։

Հոկտեմբերի 14-16-ը անցկացվելիք մշակույթի օրերի ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ` hանդիսավոր համերգ Հայաստանի ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Դավիթ Մելքոնյան) մասնակցությամբ, ֆոտոցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, հայկական կինոյի օրեր և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի (գեղարվեստական ղեկավար` Նարինե Գրիգորյան) հյուրախաղը։

Հայաստանի մշակույթի օրերի հիմնական միջոցառումները կանցկացվեն Ղազախստանի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում, որտեղ հոկտեմբերի 15-ին կկայանա մշակույթի օրերի բացման հանդիսավոր համերգը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին։ Համերգային ծրագրում հիմնականում ընդգրկված են շանսոնյեի երգերը, բայց կհնչեն նաև Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Հայաստանի ջազ նվագախմբի հետ միասին հանդես կգան Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ինգա Արշակյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Գոռ Սուջյանը։

Նույն օրը թատրոնի ճեմասրահում կբացվի Սերգեյ Փարաջանովի կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որը պատրաստվել է Ս. Փարաջանովի թանգարանի կողմից։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Ղազախստանի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական-դրամատիկական թատրոնում հանդես կգա Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը՝ «Լյու Բյոֆ» ներկայացմամբ։

Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում 7 IMAX KERUEN կինոթատրոնում կցուցադրվեն հայկական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։