ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից։
«Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ»,– ասվում է գրառման մեջ։
Սիմոնյան-Գաֆարովա վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսին Ժնևում։ Այս հանդիպումից մանրամասներ հայկական կողմը չէր հաղորդել։ Ադրբեջանական կողմը միայն նշել էր, որ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները քննարկել են Ազգային ժողովների ներդրումը խաղաղության գործընթացին։