16 մայիսի 2009 - 22:23 AMT
ՌՀՄ-ն բողոքում է Եվրատեսիլ-2009-ի կազմակերպիչների անսկզբունքային զիջողության դեմ
Ռուսաստանի հայերի միությունը բողոք է հայտնում Եվրատեսիլ-2009-ի կազմակերպիչների անսկզբունքային զիջողության դեմ: Ինչպես հայտնի դարձավ ԶԼՆ-ներից, ադրբեջանական իշխանությունները վերջնագրի տեսքով պահանջել են կազմակերպիչներից, որ Սարգիս Բաղդասարյանի հեղինակած «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի պատկերը հանվի Հայաստանի մասնակիցներ Ինգա եւ Անուշ Արշակյանների տեսաքարտից` պատճառաբանելով դա նրանով, որ այս հուշարձանը տեղադրված է Լեռնային Ղարաբաղի տարածքում, «որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո», ասվում է ՌՀՄ հայտարարության մեջ:

«Որքան էլ զարմանալի լինի, այդ անհեթեթ պահանջը կատարվեց: Նույնիսկ եթե հաշվի չառնենք այն փաստը, որ նման գործողությունը մրցույթի կանոնների կոպիտ խախտում է եւ խախտում է նրա մասնակիցների իրավունքները, տարակուսանք է հարուցում կազմակերպիչների պատրաստակամությունը հեշտությամբ ընդառաջ գնալ իր հայատյացությամբ հայտնի ադրբեջանական կողմի անհեթեթ պահանջներին:

Հետեւելով ադրբեջանցիների տրամաբանությանը, Ն.Վ.Գոգոլի հայտնի «Մեռած հոգիներ» ստեղծագործությունը չպետք է ռուսական համարվի, քանի որ գրվել է Իտալիայում, իսկ Ադրբեջանի դրոշից հարկավոր է վերացնել կիսալուսնի պատկերը, քանի որ Լուսինն ինչպես հայտնի չի գտնվում այդ պետության իրավասության տակ: «Մենք ենք մեր սարերը» հայ մշակույթի ստեղծագործություն է եւ նրա պատկերի զետեղումը մրցույթի հայ մասնակիցների այցեքարտերի վրա նրանց բնական իրավունքն է:

Ռուսաստանի հայերի միությունը գնահատում է ադրբեջանական իշխանությունների այս քայլը որպես եւս մեկ քայլ, ուղղված հակամարտության խորացմանը, ինչն ափսոսանքի է արժանի»,-ասվում է ՌՀՄ հայտարարության մեջ:

ՌՀՄ-ն բողոք է հայտնում Եվրատեսիլ-2009-ի կազմակերպիչների դեմ, որոնք տեղի տալով համընդհանուր եվրոպական մշակութային ակցիայի քաղաքականացմանը, ոչ միայն կոպտորեն խախտել են հայ մասնակիցների իրավունքները վճռական եզրափակչից առաջ, այլ նաեւ իրենց անսկզբունքային զիջողությամբ խրախուսել են ադրբեջանական իշխանություններին` հետագայում եւս շարունակել անհեթեթ առիթներով ծիծաղաշարժ հավակնությունների առաջ քաշումը, ինչն արդեն բազմիցս է եղել: