18 մայիսի 2009 - 13:18 AMT
Թուրքիայում հազարավոր մարդիկ իրենց բողոքն են հայտնել «Էրգենեկոնի» գործով ձերբակալությունների դեմ
Հազարավոր մարդիկ են երեկ հավաքվել Անկարայի կենտրոնում, իրենց բողոքը հայտնելու համար «Էրգենեկոնի» գործով ձերբակալությունների ալիքի դեմ: Ակցիայի մասնակիցները կրում էին թուրքական դրոշներ եւ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարները:

Նախկինում Թուրքիայի իշխանությունները շուրջ 200 մարդ են ձերբակալել «Էրգենեկոնի» գործունեության քննության շրջանակներում: Խմբավորման մասնակիցները մեղադրվում են պետական հեղաշրջում կազմակերպելու մտադրության համար, գրում է թուրքական «Հյուրիեթ Դեյլի նյուսը»:


«Էրգենեկոնի» անդամ թուրք զինվորականներն ու քաղաքական գործիչները մեղադրվում են պետական հեղաշրջման փորձի մեջ: Ներկայումս ձերբակալված է կազմակերպության շուրջ 100 մասնակից, որոնք պետք է կանգնեն դատարանի առջեւ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն «Էրգենեկոնը» համարում է ահաբեկչական կազմակերպություն: Որոշ փորձագետներ կարծում են, որ կազմակերպության գլխավոր նպատակն է արգելել իսլամիստների գործունեությունն ու վերադառնալ քեմալականությանը, այսինքն` աշխարհիկ Թուրքիային: