2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Հայաստանում։ Այդ մասին հայտնել են Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Դասական երաժշտության մրցույթը նախատեսված է 12-ից 21 տարեկան պատանիների համար:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է Եվրատեսիլի հենց այս ձևաչափը՝ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը», հյուրընկալել Հայաստանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը ջանք չեն խնայելու, որպեսզի 2026 թվականին Հայաստանը դառնա դասական երաժշտության կենտրոն: Սիրով կսպասենք շնորհալի պատանի երաժիշտներին մեր երկրում»:
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը տաղանդի և ստեղծարարության հրաշալի հարթակ է, որը երաժշտության միջոցով միավորում է մարդկանց»,- ասել է Եվրոպական հեռարձակողների միության մեդիայի տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ Ժան Ֆիլիպ դե Տենդերը:
Նա նշել է՝ ուրախ են, որ Հայաստանը 2026 թվականի հյուրընկալող երկիրն է և անհամբեր սպասում են այս հիանալի միջոցառման շրջանակում համատեղ աշխատանքին։Միջոցառման հետ կապված այլ մանրամասները կհրապարակվեն մրցույթին ընդառաջ։
Հայաստանն այս մրցույթում առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունն ունեցել ենք 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։