25 հոկտեմբերի 2024 - 15:24 AMT
Միրզոյանը ստացել է COP29–ին մասնակցելու Բաքվի հրավերը` հարցը քննարկվում է

Հայաստանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը, այն ստացվել է ՀՀ ԱԳ նախարարի անունով։ Այդ մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հայտնում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանի COP29 համաժողովին մասնակցության հարցն այժմ քննարկվում է կառավարության կողմից։

«Այդ հարցը քննարկվում է մի քանի ասպեկտներով, ինչպես խաղաղության հաստատման, հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ՝ այդ միջոցառման օրակարգով պայմանավորված։ Գիտեք, որ դա միջազգային ամենահեղինակավոր միջոցառումն է՝ ուղղված կլիմայի փոփոխությանը։ Հաշվի առնելով իմ նշած այդ բոլոր հանգամանքները՝ մոտ ապագայում կկայացնենք որոշում, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի»,- հայտնել է փոխարտգործնախարարը։

Հարցին՝ հնարավո՞ր է Միրզոյանը մանսակցի COP29-ին, Հովհաննիսյանը պատասխանել է, որ չեն բացառում որևէ տարբերակ։ Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է առաջիկա շաբաթների զարգացումներից։

Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Հայաստանին ուղարկել է նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին մասնակցելու հրավեր։

2023–ի դեկտեմբերին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն տարածեցին, որից պարզ դարձավ, որ ՀՀ-ն հանել է իր թեկնածությունը հյուրընկալող երկրների ցանկից և աջակցություն հայտնել Բաքվի հայտին։

«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Որպես բարի կամքի քայլ` Հայաստանը նաև իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը»,- ասված էր հայտարարության մեջ: