Լեռնային Ղարաբաղի հազարամյակների հարուստ պատմություն ունեցող հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ։ Այդ մասին ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է Մատենադարանում ՀՀ ԱԳՆ և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կազմակերպված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որը նվիրված է մշակութային ժառանգության պահպանությանը։
Վահան Կոստանյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում մշակութային ժառանգության վրա հարձակումներն ավելանում են, իսկ մշակութային ինքնության ժխտումը կիրառվում է որպես գործիք՝ հակամարտությունների էսկալացիայի և միջազգային կայունությունը խաթարելու համար, հայտնում է Արմենպրեսը։
«Կեղծ խոսույթներ են օգտագործվում՝ մշակույթը դարձնելով բաժանարար գործիք, այլ ոչ թե միավորող գործոն։ Ցավոք, նույնիսկ մեր օրերում միջազգային կոնվենցիաների պարտադիր իրավական ուժ ունեցող սկզբունքները և Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներն անտեսվում են՝ ստեղծելով վտանգավոր նախադեպեր, որոնք սպառնում են մշակութային պաշտպանության գլոբալ համակարգին և արտացոլում միջազգային բազմակողմ ինստիտուտների և մեխանիզմների թուլացումը», - նշել է Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այս դժվարին իրողությունները ծանր հետևանքներ են ունեցել նաև Հարավային Կովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում, որի հազարամյակների հարուստ պատմություն ունեցող հայկական ժառանգությունն այսօր կանգնած է ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի առաջ Ադրբեջանի կողմից։
Փոխնախարարի խոսքով՝ նման լուրջ վտանգներին դիմակայելու համար ավելի քան երբևէ անհրաժեշտ է ամրապնդել մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ինստիտուտները և գործիքները, ինչպես նաև ուսումնասիրել նորարարական ուղիները մարդկության համատեղ ժառանգությունը պահպանելու համար։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։