29 հոկտեմբերի 2024 - 16:26 AMT
Եվրոպայում արգելվել է Աթաթուրքի մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը

Եվրոպայում արգելվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մանկության մասին պատմող առաջին անիմացիոն Mustafa ֆիլմի ցուցադրությունը: Այն նախատեսվում էր հոկտեմբերի 25-ին, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ ֆիլմը հանվել է ցուցակից:

Ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Քամուրան Այնայի խոսքով՝ ցուցադրման արգելքն իբրև թե կապված է «հայկական լոբբիի» հետ, գրում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ Եվրոպայում ապրող միլիոնավոր թուրք քաղաքացիներ ունեն իրենց երկրի հիմնադրի՝ Աթաթուրքի մասին տեղեկանալու իրավունք, և սկզբում ստացված աջակցությունը հետագայում փոխվել է հակառակ ուղղությամբ, երբ ցուցադրման ժամկետը մոտեցել է:

Այնան հավելել է, որ Եվրոպայում նախնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ցուցադրման խոչընդոտների մասին տեղեկություն ստացվել է մի շարք երկրներից, և այժմ ֆիլմի ցուցադրությունը Եվրոպայում դադարեցված է:

Օգոստոսին հայտնի դարձավ, որ Disney Plus-ը որոշել է հրաժարվել «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունից, որը պատմում է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին։Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) պահանջել էր Disney-ից չեղարկել ռազմական հանցագործի, բռնապետի և մարդասպանի մասին պատմող սերիալի ցուցադրությունը։