29 հոկտեմբերի 2024 - 16:44 AMT
Անահիտ աստվածուհու արձանի գլխի ցուցադրությունից ի վեր Պատմության թանգարանի մուտքերը գերազանցել են 30 մլն դրամը

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունից ի վեր Հայաստանի պատմության թանգարանի մուտքերը մեկ ամսում գերազանցել են 30 միլիոնը դրամը։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումներում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մեկ ամսվա արդյունքներով «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունից Հայաստանի պատմության թանգարանի մուտքերը գերազանցել են 30 միլիոն դրամը, մենք ունենք մեծ թվով այցելություններ: Մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար է մուտքը, մյուս սոցիալական խմբերի համար էլ, բնականաբար, այլ քաղաքականություն է գործում, այսինքն՝ այցելությունների թիվը շատ ավելի մեծ է»,- ասել է Անդրեասյան, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ այս ամենը ցույց է տալիս, որ այս ձևաչափի համագործակցություններով կարող են Հայաստանի թանգարանները դարձնել շատ ավելի գրավիչ և այցելելու պարտադիր վայր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար։

Հայաստանի պատմության թանգարանում 2024 թվականի սեպտեմբերի 21-ից բացվել է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, որը կգործի 6 ամիս։