2 նոյեմբերի 2024 - 17:01 AMT
Ստեփանյան․ Այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող որոշման

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխություններին, հարց է բարձրացրել, թե այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող որոշման։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ, այնուհետև կգործի միայն հատուկ խմբերի համար:

«Ուշագրավ է, որ այդ հայտարարության մեջ հատուկ շեշտվում է, որ այս որոշումը կայացվել է արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումների արդյունքում։

Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը, միգուցե սա ուղղակի մի հերթապահ արտահայտություն է, որ օգտագործում են այս անիմաստ որոշումը լեգիտիմացնելու համար։

Իսկ եթե այնուամենայնիվ արցախյան որևէ շրջանակի հետ իրապես հանդիպում եղել է, և այս որոշման համար հիմք է հանդիսացել նրանց առաջարկ-դիտարկումները, ապա արցախյան հանրությունը պետք է իմանա, թե ո՞վքեր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել և նրանց շահերին հակասող առաջարկ-դիտարկումներ ներկայացնել։

Հ․Գ․ Տեղեկացված եմ, որ Արցախի ԱԺ-ի և կառավարության ներկայացուցիչների հետ նման քննարկումներ չեն եղել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր, որի համաձայն 2025 թ․ ապրիլ ամսվանից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ «միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել ԼՂ հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները»։