Հոկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին տեսակցել են Ադրբեջանի բանտերում պահվող հայերին։
ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ «ձերբակալվածների հետ առանձնազրույցներ են անցկացվել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար, գրում է APA-ն։
ԿԽՄԿ–ն, ըստ իր մանդատի, այցելությունների ընթացքում գնահատում է ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։