5 նոյեմբերի 2024 - 11:33 AMT
Տոկաև․ ՀՀ–ին և Ադրբեջանին հարթակ տրամադրելով՝ աջակցում ենք խաղաղ գործընթացին

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ֆրանսիական Le Figaro–ում հրապարակված իր հոդվածում հայտարարել է, որ Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային հարթակ տրամադրելով՝ Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացին։

«Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային հարթակ տրամադրելով՝ լիովին աջակցում ենք նրանց հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին»,- ասել է նա, գրում է Interfax-ը։

Տոկաևն այդ մասին հիշատակել է իր երկրի նոր կարգավիճակի մասին խոսելիս։ Նա հայտարարել է, որ Ղազախստանը միջին տերություն է և այն պայմաններում, երբ խոշոր տերությունները չեն կարողանում փոխզիջման հասնել, միջին տերություններն են սկսում առավել հաճախ միջնորդի դեր ստանձնել՝ «պահպանելով երկխոսության հնարավորությունը»։

Նա խոսել է նաև այլ հակամարտություններում Ղազախստանի դերակատարության մասին, մասնավորապես սիրիական կարգավորման ուղղությամբ։

Հոդվածը հրապարակվել է Տոկաևի Ֆրանսիա կատարելիք պետական այցի շեմին։