5 նոյեմբերի 2024 - 11:54 AMT
Փոխնախարար․ ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է՝ մշակելու վիզաների ազատականացման բանակցությունների ծրագիրը

Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան՝ հայկական կողմի հետ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը, ավարտին է մոտենում նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի նախագիծը: Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։

«Նոյեմբերի 5-6-ը Երևանում է Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը։ Այդ բոլոր քայլերը, իհարկե, կունենան իրենց ազդեցությունը 2025-ին նախատեսվող աշխատանքների առումով ։Այս տարին աննախադեպ տարի էր ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից»,-նշել է Հովհաննիսյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է բազմաթիվ ձեռքբերումներ որոշ ոլորտներում․ օրինակ՝ Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրոջասթ պայմանագրերը: Մեկնարկել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը:

Երևանում ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ

Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։