ՆԳՆ–ն ներկայացրել է ՀՀ քաղաքացիություն ստանալու արագացված ընթացակարգ՝ արցախցիների համար։
Դրա համար անհրաժեշտ է՝
Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ, գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
«Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Հաջորդ քայլով, արդեն որպես ՀՀ քաղաքացի, պետք է գրել դիմում՝ նոր անձնագիր ստանալու համար»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։