18 մայիսի 2009 - 23:20 AMT
Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների զարգացումը
Մայիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան Վեսնա Ցվյետկովիչ-Կուրելեցին (նստավայրը` Աթենք) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` նախարարի տեղակալ Ղազինյանը հաջողություն մաղթեց դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կարող է լուրջ խթան հանդիսանալ հայ-խորվաթական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Կարինե Ղազինյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:
Իր հերթին դեսպան Ցվյետկովիչ-Կուրելեցն ընդգծեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քաղաքական երկխոսության աշխուժացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ հայ-խորվաթական հնարավոր փոխգործակցությանը ԵՄ նախաձեռնությունների` Արեւելյան գործընկերության եւ ԵՄ Սեւծովյան ծրագրերի շրջանակներում:
Հյուրի խնդրանքով Կարինե Ղազինյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: