6 նոյեմբերի 2024 - 15:29 AMT
Փաշինյանը շնորհավորել է Թրամփին․ Անհամբեր սպասում է համատեղ աշխատանքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթած Դոնալդ Թրամփին։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ անհամբեր սպասում է Դոնալդ Թրամփի հետ համատեղ աշխատանքին։

«Իմ ջերմ շնորհավորանքները ձեր տպավորիչ հաղթանակի առիթով ԱՄՆ 47–րդ նախագահի։ Պարոն ընտրված նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ համատեղ աշխատանքին՝ կառուցելու ռազմավարական երկկողմ հարաբերություններ՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,– ասվում է գրառման մեջ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հայտարարել էր, որ պաշտոնապես չի սատարում ԱՄՆ նախագահի որևէ թեկնածուի: Բայց հայ համայնքի ներկայացուցիչները նշում էին՝ հենց Թրամփի օրոք էր՝ 2020 թվականին, երբ բռնկվեց 44-օրյա պատերազմը։

Նախընտրական արշավի վերջում Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ու բռնի տեղահանման ենթարկվեցին Արցախում։ Երբ դառնամ [ԱՄՆ] նախագահ, կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել էր Թրամփը: