6 նոյեմբերի 2024 - 16:38 AMT
Եվրախորհրդարանում «COP 29-ը Բաքվում. քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողով է անցկացվել

Եվրոպական խորհրդարանում նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել «COP29-ը Բաքվում. քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում։

Համաժողովի գլխավոր բանախոսներն էին «Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների» (IPHR) կազմակերպության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, միջազգային իրավաբան, Փարիզի փաստաբանների պալատի անդամ Կատալինա դե լա Սոտան, Ստեփանակերտից լրագրող Սիրանուշ Սարգսյանը և ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հայտնում է Արմենպրեսը։

Լուկաս Ֆուրլասը բացման խոսքում նշել է, որ հայ ժողովրդի կողքին կանգնելը հրամայական է, և նմանատիպ միջոցառումներով ու շատ այլ քայլերով պետք է ապահովեն, որ բնապահպանական խնդիրների շուրջ քննարկումները չքողարկեն մարդու իրավունքների խախտումները։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խոսքում նշել է, որ անընդունելի է, որ COP-29-ի նման մեծ մասշտաբ և համբավ ունեցող համաժողովն անցկացվի ավտորիտար երկրում, որտեղ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն աշխարհում ամենավատերից մեկն է։ Կարապետյանի խոսքով՝ այս և նմանատիպ բոլոր նախաձեռնությունները պատուհան են, որպեսզի միջազգային ճնշումներն ակտիվանան և Ադրբեջանին ստիպեն ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր գերիներին։

Բելգիայում և ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը կարևորել է հարցի վերաբերյալ ցուցաբերվող հետևողականությունը և ընդգծել, որ Եվրախորհրդարանը ևս շարունակական կերպով ներկայացրել է նույն պահանջները։ Բալայանը շեշտել է՝ կոչերն այլևս վերածվել են պահանջի, մնում է Եվրոպական հանձնաժողովում դրանք հստակ քայլերի վերածելը։ Դեսպանը նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունների համար ևս առաջնային հարց է գերիների անհապաղ ազատումը՝ որպես հիմք խաղաղության պայմանագրի համար։

«Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների» (IPHR) կազմակերպության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլին իր ելույթում նշել է, որ ադրբեջանական ուժերը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հենց Հայաստանի ինքնիշխան տարածքում են բազմաթիվ պատերազմական հանցանքներ իրականացրել, որի համար հաշվետվողականություն պետք է լինի։ Պապուաշվիլին նշել է, որ տեղի ունեցած հանցագործությունները հավաքագրում և դիտարկում են Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածին համահունչ։ Բանախոսն ասաց, որ իրենց իրավաբանական թիմն այսօր աշխատում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանության վերաբերյալ համապարփակ հայտարարություն պատրաստելու ուղղությամբ։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով փաստը, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, ԵՄ անդամ պետությունների համար դա լավ հնարավորություն է իրավական հիմունքներով սատարել արցախահայությանը։ Պապուաշվիլին կարծում է, որ բավական է միայն, որպեսզի երկրները նույն հարցի վերաբերյալ դիմեն միջազգային դատարան։

Արցախցի Սիրանուշ Սարգսյանը մի քանի ընտանիքի պատմություն է փոխանցել ներկաներին։

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, շնորհակալություն է հայտնել բոլոր ջանքերի ու նախաձեռնությունների համար՝ ի զորակցություն ապօրինաբար Բաքվում պահվող բոլոր անձանց։ Վարդանյանը նշել է, որ իր հայրը միշտ գործունեություն է ծավալել երկխոսություն ստեղծելու շուրջ։ Նա պատմել է, որ իր հայրը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ՝ շատ լավ գիտակցելով բոլոր վատ սցենարների հավանականությունը, սակայն նա նախընտրել է լինել իր հայրենակիցների հետ։

Քննարկվել է նաև արցախահայության վերադարձի հարցը։ Մասնագետների խոսքով՝ իրավական տեսակետից դա միանշանական հնարավոր է, բայց, ցավոք, դժվար է դա պատկերացնել, եթե լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ չլինեն։ Նշվել է, որ ամեն դեպքում պետք է շարունակել հարցը օրակարգում պահել, որքան էլ այսօր դա անհնար է թվում։

Բաքվում կայանալիք COP29–ը մեկնարկում է նոյեմբերի 11–ին։