«Ժողովրդավարական ուժերի հարթակը» ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը համաձայնության հանրաքվեի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հավաքված մոտ 60,000 ստորագրությունները ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ պետք է ստորագրությունների նույնականացում տեղի ունենա։
«Պետք է հավաստիանանք՝ քաղաքացին ունե՞ր ստորագրահավաքին միանալու իրավունք, թե՝ ոչ։ «Հանրաքվեի մասին» օրենքը պահանջում է, որ քաղաքացին ստորագրելու պահին ստորագրահավաքին մասնակցելու իրավուք ունենա։ Քաղաքացու ստորագրությունը հանվում է ցանկից, եթե ինչ-որ տվյալներ թերի են լրացված։ Եթե առկա է կրկնություն, ապա միայն մեկն է հաշվարկվում»,- մանրամասնել է ԿԸՀ նախագահի տեղեկալը, հայտնում է Factor.am-ը։
«Ժողովրդավարական ուժերի հարթակը» ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 14-ը ստորագրահավաք էր նախաձեռնել։ Համաձայն ՀՀ Սահմանադրության, հարցը Ազգային ժողովի օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ էր 60 օրվա ընթացքում հավաքել ՀՀ 50 հազար քաղաքացու ստորագրություն։ Նախաձեռնությանը, փաստորեն, հաջողվել է ավելի կարճ ժամկետում հավաքել մոտ 60 հազար ստորագրություն։
Եթե օրինագծին ԱԺ-ն հավանություն չտա, Եվրաքվեի նախաձեռնության հեղինակները պետք է կարողանան 300 հազար ստորագրություն հավաքել, այդ դեպքում հանրաքվեն տեղի կունենա իրավունքի ուժով։
Հունիսի 21-ին ժողովրդավարական ուժերի նախաձեռնությամբ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցով նաև տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասել էր, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։