7 նոյեմբերի 2024 - 16:00 AMT
Գաֆարովան ասել է, թե ՀՀ հետ խաղաղության օրակարգը «քայլ առ քայլ իրականացվում է Բաքվի ջանքերով»

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության օրակարգը քայլ առ քայլ իրականացվում է։ Նա հավելել է, թե արվում է «Ադրբեջանի ջանքերով՝ անկախ ճնշումներից և խոչընդոտներից», գրում է Azertag–ը։

«Ադրբեջանի առաջ քաշած սկզբունքների հիման վրա շարունակվում են բանակցությունները Հայաստանի հետ՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով։

Անկախ ցուցաբերվող ճնշումներից և խոչընդոտներից, հատկապես արտատարածաշրջանային երկրների ուժերով, Ադրբեջանի ջանքերով խաղաղության օրակարգը քայլ առ քայլ կյանքի է կոչվում»–,–ասել է նա։

Մինչդեռ Ադրբեջանն է հրաժարավում ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված կետերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։