ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի մասնակցությունը Թուրքիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը համաձայնեցված էր ՀՀ ԱԳՆ հետ։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Կարծում ենք, որ դիվանագիտական շփումները տարբեր մակարդակներով, այդ թվում՝ դեսպանների մակարդակով, նորմալ պրակտիկա է։ Եղել է հրավեր, այն ընդունվել է»,- ասել է Կոստանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ թուրք դիվանագետներն էլ մասնակցում են մեր երկրի կազմակերպած ընդունելություններին։ Նա նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնում, որն այս պահին բավականին դինամիկ է։
Մեկնաբանելով տեղեկությունները, որ ընդունելության ժամանակ Ադրբեջանի դեսպանը սպառնացել է Բալայանին՝ Կոստանյանը դա մտահոգիչ և տհաճ միջադեպ է անվանե։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրյուսելում Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառման ժամանակ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին` նշելով, որ Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպանի կողմից, որը «ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի նկատմամբ»: