18 մայիսի 2009 - 23:58 AMT
Ամենաշռայլ բարերարներին հանձնվել են «Հայաստան» հիմնադրամի պատվավոր անդամի դիպլոմներ
Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը պատվավոր դիպլոմներ է հանձնել բոլոր այն բարերարներին, որոնք 0,25-1 մլն դոլար ռւ ավելի նվիրատվություն են արել: Նրանց թվում են Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը, Գագիկ Ծառուկյանը, Սեյրան Կարապետյանը, Գենադի Ստեփանյանը, Էդիկ Խաչատրյանը, Միքայել Բաղդասարովը եւ Սամվել Ալեքսանյանը, «ՎիվաՍել», «Հայռուսգազարդ» եւ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունները:
Սակայն, օրակարգի հիմնական հարցը Հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնի սահմանումն էր: Այդ պաշտոնում ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ, այժմ ՀՀ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը: Հիմնական հարցերից էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարարի ընդգրկումը Հոգաբարձուների խորհրդի կազմում: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նախագահ Սարգսյանի առաջարկով, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանում է բնակվում ամենամեծ հայ համայնքը, հիմնադրամի խորհրդում ընդգրկվել է նաեւ ՌԴ ներկայացուցիչ, բարերար եւ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը: Մամլո հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ Հոգաբարձուների խորհրդի կազմից զբաղվածության պատճառով դուրս է եկել Լուիզ Սիմոն Մանուկյանը: Նրան շնորհվել է Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում:
Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ «Հայաստան» հիմնադրամի վարչության գործադիր տնօրեն է ընտրվել Արա Վարդանյանը: