Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցություններում կարևոր հաջողություններ են գրանցվել, սակայն «մարտահրավերներն ու սպառնալիքները պահպանվում են»։
Խոչընդոտների թվում նշվում է ՀՀ սահմանադրությունը փոխելու խոսույթն ու «ՀՀ ռազմականացումը»։
«Ներկայումս Հայաստանի հետ Ադրբեջանի նախաձեռնած երկկողմ բանակցություններում կարևոր առաջընթաց է գրանցվել։ Սակայն, չնայած բանակցություններում գրանցված առաջընթացին, դեռևս պահպանվում են խաղաղ բանակցությունների հաջող ավարտի մարտահրավերներն ու ռիսկերը։
Մասնավորապես՝ Հայաստանի ռազմականացումը և Ադրբեջանի նկատմամբ Սահմանադրության մեջ պահպանվող տարածքային հավակնությունները խոչընդոտ են կայուն խաղաղության համար»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է APA-ն։
Հայտարարության մեջ նաև ասվում է, թե «Հայաստանը պետք է դասեր քաղի պատմությունից» և հրաժարվի «անարդյունավետ տարածքային պահանջներից»։
Մինչդեռ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծին և նշելով, որ կան հարցեր, որոնք շարունակում են մնալ չհամաձայնեցված, շեշտել էր, որ ՀՀ Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի մաս չի կազմում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։