8 նոյեմբերի 2024 - 11:42 AMT
Պուտինը հրապարակավ շնորհավորել է Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ։ Նա դա արել է «Վալդայ» բանավեճի ակումբի նիստում։

Նա ուշադրություն է հրավիրել ՌԴ հետ հարաբերությունները վերականգնելու և Ուկրաինայում ճգնաժամին վերջ դնելու Թրամփի հրապարակային հայտարարությունների վրա, գրում է Interfax-ը։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել նրան ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Ինչպես արդեն ասել եմ, մենք աշխատելու ենք պետության ցանկացած ղեկավարի հետ, որին վստահություն կհայտնի ԱՄՆ ժողովուրդը։ Այդպես կլինի նաև գործնական ոլորտում»,–ասել է Պուտինը՝ հավելելով, թե չգիտի ինչ քաղաքականություն է վարելու Թրամփը։

ՌԴ նախագահը նաև նշել է Թրամփի խիզախությունը՝ հիացմունք հայտնելով մահափորձի պահին նրա պահվածքի վերաբերյալ։

«Ինձ տպավորեց նրա պահվածքը մահափորձի ժամանակ։ Պարզվեց, որ նա խիզախ մարդ է։ Եվ հարցը միայն նրա բարձրացրած ձեռքն ու սեփական գաղափարների համար պայքարելու կոչ չէր, թեև մարդն իրեն դրսևորում է այդպիսի արտառոց պայմաններում։ Նա իրեն շատ ճիշտ պահեց, քաջարի, տղամարդու պես»,–ասել է Պուտինը։

Ինչ վերաբերում է Թրամփի առաջին նախագահությանը, ապա, ըստ Պուտինի, այնպիսի տպավորություն էր, թե «նրան ամեն կողմից ճնշում են, նա վախենում էր ավելորդ քայլ անել կամ բառ ասել»։

Պուտինը նաև ասել է, որ պատրաստ է Թարմփի հետ շփվել և ամոթալի չի համարում նրան զանգահարելը։

«Ես ամոթալի չեմ համարում և պատրաստ եմ նրան զանգահարել։ Ուղղակի դա չեմ անում, քանի որ արևմտյան պետությունների ղեկավարները նախկինում գրեթե ամեն շաբաթ զանգում էին ինձ, իսկ հետո հանկարծ դադարեցին։ Դե չեն ուզում, պետք չէ։ Ինչպես տեսնում եք, մենք ողջ–առողջ ենք, զարգանում ենք, առաջ ենք գնում։ Եթե նրանց որևէ մեկը կցանկանա վերականգնել շփումը, ես միշտ եմ ասել, մենք դեմ չենք, կվերականգնենք շփումներն ու բանավեճ կվարենք՝ դեմ չենք»,–ասել է նա։

Մինչդեռ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ շնորհավորել հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ։ Նա հավելել էր, որ պետք չէ մոռանալ, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է։

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին՝ ԱՄՆ 47-րդ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։ Նա հավաքել է ընտրիչների 277 քվե, հաղթանակի համար բավարար էր 270–ը։