Նոյեմբերի 10-ին Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիիներում համընդհանուր աղոթք կհնչի Բաքվում պահվող գերիների համար։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում աղոթքը կկատարվի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ, Սուրբ պատարագի ընթացքում, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նոյեմբերի 10-ին Հռոմի Սբ Նիկողայոս եկեղեցում տեղի կունենա էկումենիկ աղոթք, որին հրավիրվել են տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ։ Գարեգին Երկրորդի կոչին արձագանքել են նաև Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ու Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսը՝ հորդորելով անդամ եկեղեցիներին ու բարի կամքի տեր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ի աղոթքին։
Հայոց հայրապետի կոչով աղոթք կհնչի արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։