ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Կապանում, որտեղ մասնակցում էր անցկացված «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովին, հայտարարել է, որ հայ-իրանական գործակցությունը դարավոր բարեկամության վկայություն է, ապագան ևս հստակ է՝ շեշտելով, որ որևէ մեկը չի կարող ազդել երկու երկրների հարաբերությունների վրա։ Նա այդ մասին ասել է Հանրայինի եթերում։
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը՝ Սոբհանին ասել է, որ իրանական կողմը չի օգտագործում այդ անվանումը։ Նա ասել է, որ Իրանը դեմ է միջանցքային տրամաբանությանը և աշխարհաքաղաքական փոփոխություններին։
Նա վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ողջունել հարևանների հետ կապեր հաստատելու Երևանի ջանքերը։
Դեսպանը հավելել է, որ Իրանը ողջունում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, սակայն կարծում է, որ ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի տվյալ երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու վերահսկողության ներքո:
«Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանը, երբ դա տեղի ունենա Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա: Բացի այդ, մենք դեմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն, դեմ ենք անգամ այդ բառն օգտագործելուն։ Մենք դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության», - ասել է նա։
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ դեմ է միջանցքային տրամաբանությանը, իսկ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքով» անարգել՝ առանց ստուգումների, անցում է պահանջում Սյունիքով դեպի Նախիջևան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հարցը կողմերը փոխադարձ համաձայնությամբ հանվել է խաղաղության պայմանագրից, սակայն, մնում է օրակարգում։