12 նոյեմբերի 2024 - 16:02 AMT
Հնդկաստանը ՀՀ է ուղարկում Akash ԶՀՀ–ների առաջին մարտկոցը

Հնդկաստանը Հայաստան է ուղարկում իր Akash զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը։ Այդ մասին հայտնel է New Indian Express-ը՝ հղում անելով համալիրներն արտադրող Bharat Electronics Limited ընկերությանը։

«Bharat Electronics Limited-ն այսօր նշանակալից քայլ է կատարել Հնդկաստանի պաշտպանական արտահանման ոլորտում, քանի որ պաշտպանական արտադրության քարտուղար (Հնդկաստանի կառավարություն, – խմբ.) Սանջիվ Կումարը թույլատրել է Akash համակարգի առաջին մարտկոցը բարեկամ արտասահմանյան երկիր ուղարկել», - ասվում է X սոցցանցում ընկերության հայտարարության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան:

Պարբերականը հիշեցնում է, որ 2022 թվականին Հայաստանը պայմանագիր է ստորագրել Հնդկաստանի հետ մոտ 60 մլրդ ռուփի (710 մլն դոլար) արժողությամբ 15 Akash հրթիռային համակարգերի գնման վերաբերյալ և դարձել առաջին օտարերկրյա երկիրը, որը գնել է այս հրթիռային համակարգերը։

Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից ստեղծված Akash համակարգը «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է խոցել կործանիչներ, թևավոր հրթիռներ և «օդ-երկիր» հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ օդային միջոցներ մինչև 25 կմ հեռավորության վրա:

«Bharat Electronics Limited-ի կողմից արտադրվող Akash համակարգի ամեն մարտկոց ունի էլեկտրոնային սկանավորմամբ աշխատող 3D տեղորոշիչ և 4 արձակման կայան, որոնցից յուրաքանչյուրը զինված է 3 հրթիռով:

Ավելի վաղ Bharat Forge ընկերությունը (հրետանային համակարգերի հնդկական առաջատար արտադրող) հաստատել էր, որ վերջերս ցուցադրած MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար։