Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 12–ին հաստատել է «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ ներկայացրած 3 առարկությունից 2-ը, մերժել 1-ը, որը վերաբերում է դատարանի իրավազորությանը։
Հաստատված առարկություններից մեկը վերաբերում է Ադրբեջանի կողմից շրջակա միջավայրին հասցված վնասին, հայտնում է Sputnik Արմենիան։
Դատարանը նաև քննել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործն ու մերժել Ադրբեջանի ներկայացրած նախնական 2 առարկությունը։
2021–ի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) ենթադրյալ խախտումների վերաբերյալ: 2023–ի ապրիլի 21-ին Ադրբեջանը երկու նախնական առարկություն էր ներկայացրել դատարանի իրավասության դեմ:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը X-ի իր էջում գրել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է։
«Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները»,- գրել է Կիրակոսյանը։
Միևնույն ժամանակ, դատարանն իրավասություն չունի դիտարկել Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմին վերաբերող Ադրբեջանի պահանջները՝ կապված մինչև 1996–ի սեպտեմբերն ավարտված իրադարձությունների հետ, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված ենթադրյալ վնասների հետ կապված պահանջները։
Դատարանը որոշել է, որ, հաշվի առնելով սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ Հայաստանի պահանջների վերլուծության մեջ շարադրված պատճառները, Հայաստանի կողմից ներկայացված ենթադրյալ արարքները՝ կապված էթնիկ հայ քաղաքացիների կամայական կալանավորման և բռնի անհետացման հետ, կարող են նաև խտրական լինել՝ «Հայկական ազգային կամ էթնիկ ծագման վրա հիմնված» վերաբերմունք։