Շրջակա միջավայրի պահպանության աշխարհի առաջատար ակտիվիստներից մեկը՝ Գրետա Թունբերգը ժամանել է Հայաստան, հայտնում է Armenian Climate Justice Initative-ը։
«Այսօր կլիմայական արդարության հայաստանյան նախաձեռնության անդամները և այլ բնապահպան ակտիվիստներ ջերմորեն ողջունեցին Գրետային»,–ասվում է գրառման մեջ։
Նրանք միասին այցելել են Հաղպատի վանական համալիր՝ ներկայացնելով Հայաստանի մշակութային ժառանգության արժեքավոր կոթողը։
Թունբերգը բոյկոտում է COP29-ը, քանի որ խորհրդաժողովն անցկացվում է Ադրբեջանում: Նա մասնակցել է բողոքի ցույցերին Թբիլիսիում, այդ թվում՝ «Ալիևը բռնապետ է» կարգախոսով ցույցին Ադրբեջանի դեսպանատան առջև։ «COP29-ը քաղաքական երեսպաշտության օրինակ է»՝ գրված էր այն կարգախոսի վրա, որ ադրբեջանական դեսպանատան առջև պարզել էր Թունբերգը։
Armenian Climate Justice Initative-ն իր միջոցառումներն է անցկացնելու Բաքվում մեկնարկած COP29–ին զուգահեռ՝ այդ թվում կոնֆերանս, որը կանցնի նոյեմբերի 14–ին և բողոքի ցույց Երևանում ՄԱԿ գրասենյակի մոտ՝ նոյեմբերի 15–ին։
Ավելի վաղ Թբիլիսիում գտնվող Թունբերգը հայտարարել էր, որ բոյկոտելու է և չի մասնակցելու Բաքվում կայանալիք COP29–ին՝ մեղադրելով Ադրբեջանին հայերի էթնիկ զտում իրականցնելու մեջ։ Նա նաև մեղադրել է համաշխարհային վերնախավին, որը «երեսպաշտորեն գագաթնաժողովն անցկացնելու է նավթային երկրում»։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները մինչ օրս փակ են։