13 նոյեմբերի 2024 - 15:58 AMT
Քոչարյան. 2024-ին քարսիթներ չօգտագործելու հետևանքով 10 երեխա է մահացել

2024 թվականի հունվարի 1-ից մինչ օրս մեքենաներում քարսիթներ չօգտագործելու հետևանքով 1-ից մինչև 10 տարեկան երեխաների մահվան 10 դեպք է գրանցվել: Այդ մասին ԱԺ-ում տեղեկացել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա այս թիվը շատ մտահոգիչ է համարել, հայտնում է Factor.am-ը։

Քոչարյանի խոսքով` բյուջետային հանձնաժողովներում քննարկվել է նաև մահվան ելքով ՃՏՊ-ների հարցը:

«Որպես նշված դեպքերին նպաստող պայմաններ՝ հատկանշվեցին մի շարք տրանսպորտային միջոցների դեռևս մգեցված ապակիների առկայությունը, երեխաների համար նախատեսված քարսիթների բացակայության հանգամանքը, իսկ շատ դեպքերում՝ նաև անչափահասների կողմից տրանսպորտային միջոցների առջևի նստատեղում անթույլատրելիորեն նստած լինելու հանգամանքը»,- ասել է Քոչարյանը:

2024–ին 331-ով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, 418-ով` վիրավորների և 32-ով` զոհերի թիվը:

ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ նախատեսվում է, որ ճանապարհային տեսախցիկները միաժամանակ կհետևեն մեքենաների սրահում արված խախտումներին՝ այսինք կգրանցվեն նաև վարորդի ծխելու և հեռախոսով խոսելու դեպքերը։ Վարորդները նաև պարտավոր կլինեն մեքենաներում մանկական նստատեղեր տեղադրել։ Նորամուծության ներդրման ժամկետները դեռ չեն որոշվել։