Աշխատանքային այցով Շվեդիայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմի քաղխորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ քննարկել է Երևանի և Ստոկհոլմի միջև գործակցության հաստատման հնարավորությունները:
Առանձնացվել են հատկապես այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ անցումը, քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում նորարարությունների շարունակական ներդրումը, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ու քաղաքացիական հասարակության ներգրավվածության ավելացումը, հայտնում է ԱԳՆ–ն։
Միրզոյանը և Բուրելը մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների կարևորության, ժամանակակից պայմաններում ժողովրդավարության խթանման ճանապարհին առկա մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով դրանց հաղթահարման նպատակով տարբեր հարթակներում և մակարդակներով ակտիվ փոխգործակցության հրամայականը:
Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը Բուրելի ուղղեկցությամբ կարճատև շրջայց է կատարել քաղաքային խորհրդի՝ պատմական նշանակության շենքում:
Միրզոյանը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցը Ստոկհոլմում տեղի ունեցած հանդիպմանը գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող գործընկերության նոր օրակարգի նախագծում։