13 նոյեմբերի 2024 - 16:38 AMT
Լեմկինի ինստիտուտ․ Հայերի հինավուրց տարածքում ցեղասպանությամբ «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը» արդարություն չէ

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, արձագանքելով COP29-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, նշել է, որ հայերի բնիկ հինավուրց տարածքի նկատմամբ ցեղասպանության միջոցով «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը» արդարություն չէ։ Այդ մասին ասվում է կազմակերպության X-ի միկրոբլոգում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովի բացման իր ելույթում Արցախի դեմ սանձազերծած պատերազմն ու հայաթափումն անվանել է «միջազգային իրավունքի և ինքնիշխանության վերականգնում» և խոսել իր «պատմական հաղթանակի» մասին։

«Որպես անկախ ոչ կառավարական կազմակերպություն մենք պետք է արձագանքենք Ադրբեջանի նախագահին։ Ադրբեջանի ինքնիշխանության «վերականգնումը» հայերի բնիկ հինավուրց տարածքի նկատմամբ ցեղասպանության միջոցով արդարություն չէ՝ ըստ միջազգային իրավունքի։

Ադրբեջանը միայնակ չի գործել՝ առանց Իսրայելի ռազմական օգնության, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարության օրհնության դա անհնար կլիներ։ #COP29–ում նստածները պետք է ամաչեն իրենց լռության համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Էթնիկ զտումը «միջազգային իրավունքի վերականգնում» անվանող բռնապետը, որն անընդմեջ կառավարում է երկիրը արդեն 20 տարուց ավելի, դժգոհել է Բաքվում COP29-ն անցկացնելու դեմ «բոյկոտի կոչերից և զրպարտչական արշավից»։