15 նոյեմբերի 2024 - 10:32 AMT
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Թունբերգն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը՝ ՀՑԹԻ-ի տնօրենն Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկի պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Գրետա Թունբերգը մեծ հետաքրքրությամբ լսել է հատկապես շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին:

Բնապահպան ակտիվիստը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։

Վրաստանում բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը նոյեմբերի 14–ին Երևանում մասնակցել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովին։ Իր ելույթում Թունբերգն Ադրբեջանին մեղադրել է էթնիկ զտումների համար՝ շեշտելով, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայերը ծայրահեղ դժվարությունների են բախվում: