ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան նույնականացման (ID) քարտերով այցելել Ղազախստան։ Այս մասին ասվում է ՀՀ և Ղազախստանի կառավարությունների միջև քաղաքացիների ուղևորությունների և կեցության կարգի մասին համաձայնագրի նախագծում, որն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
2024 թվականի ապրիլի 15-ին ստորագրված համաձայնագիրը կփոխարինի նախորդին, որը գործում էր 2006 թվականից, հայտնում է Sputnik Արմենիան։
Այսուհետ ՀՀ քաղաքացիները Ղազախստան, իսկ Ղազախստանի քաղաքացիները՝ Հայաստան կկարողանան մեկնել ոչ միայն անձնագրերով, այլ նաև ID քարտերով, ինչը թույլ կտա առանց պարտադիր գրանցման մինչև 90 օր գտնվել ընդունող երկրի տարածքում:
Տվյալ կարգի ներդրման շուրջ բանակցությունները սկսվել էին դեռևս 2019 թվականին, իսկ վերջնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ 2024 թվականի ապրիլին Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով։
Հայաստանի քաղաքացիների համար նույնականացման քարտերով մուտքի ռեժիմ արդեն գործում է Վրաստանում։