ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ՀԱՊԿ–ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հետ գործակցության մասին բանաձև է ընդունել, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Գլխավոր վեհաժողովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկել է շարունակել կանոնավոր խորհրդակցությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ երկկողմ շփումների և տարբեր ձևաչափերի համաժողովների շրջանակում, գրում է ՏԱՍՍ–ը։
Փաստաթղթում ասվում է, որ ՀԱՊԿ-ը զգալի գործնական ներդրում ունի իր խաղաղապահ ներուժի և տարածաշրջանային անվտանգության ու կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչության և կազմակերպված անդրազգային հանցագործության դեմ պայքարում, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, անկանոն միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում, ինչպես նաև բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացման գործում, ինչը նպաստում է ՄԱԿ–ի նպատակների ու սկզբունքների իրագործմանը։
«ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը կշարունակեն համագործակցել հանուն ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության հետևողական և համապարփակ իրականացման»,–ասվում է բանաձևում։