19 նոյեմբերի 2024 - 17:11 AMT
Ֆինանսավորվել են 13 հանրային շենքի էներգախնայողության բարձրացման աշխատանքները

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը ֆինանսավորել է Հայաստանի 13 սոցիալական նշանակության օբյեկտների էներգաարդյունավետության բարելավման աշխատանքները։

Արդյունքները ներկայացվել են Երևանում անցկացված «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ» ծրագրի իրականացման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 1․7 մլն դոլարի դրամաշնորհ է հատկացրել։ Եվս 350 հազար դոլար հատկացրել է ՀՀ կառավարությունը:

«Ծրագրի այս փուլում ներառվել է 13 հանրային շենք, ինչպիսիք են պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, ուսումնական, գիտական և սպորտային հաստատություններ։ Տվյալ հաստատությունների աշխարհագրությունը բավականին լայն է` ընդգրկելով ոչ միայն Երևանը, այլև Գյումրին, Վանաձորը, Ալավերդին, Արտաշատը և այլ բնակավայրեր», – ասել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը։

Նրա խոսքով` ընտրվել են այն օբյեկտները, որոնք ամենից շատ կարիք ունեն էներգաարդյունավետության բարձրացման։ Օրինակ, Պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքը, որտեղ պատուհանները չեն փոխվել խորհրդային ժամանակներից։ Այստեղ, պատուհանների ամբողջական փոխարինումից բացի, տեղադրվել է ֆոտոէլեկտրական համակարգ։

Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում իրականացվել է 80 սոցիալական շենքերի էներգետիկ աուդիտ։ Արդյունքում ընտրվել է 13-ը։