19 նոյեմբերի 2024 - 18:19 AMT
Փալոունը՝ Բաքու այցի մասին․ Եթե չլիներ դեսպանատան վարձած անվտանգությունը, հիվանդանոցում կհայտնվեի

Բաքվում անցկացվող COP29 կլիմայական կոնֆերանսից վերադառնալուց հետո ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոունը հոկտեմբերի 18-ին, Կապիտոլիումի բարձունքում հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների լայնածավալ վատթարացումների և COP 29-ի ժամանակ իրենց անձնական անվտանգությանը վերաբերող սպառնալիքների վերաբերյալ:

Փալոունը, անդրադառնալով Բաքու այցին, մասնավորապես ասել է, որ եթե չլիներ ԱՄՆ դեսպանատան վարձած անվտանգությունը, ինքը հիվանդանոցում կհայտնվեր, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

«Եթե չլիներ ԱՄՆ դեսպանատան վարձած անվտանգության աշխատակիցները, ես հիվանդանոցում կհայտնվեի։ Ես պարզապես ուզում եմ անկեղծ լինել: Դա շատ լուրջ էր»։

Փալոնը նկատել է ալիևամետ «ցուցարարների կամ ավազակների» կրկնվող և «սինխրոնիզացված» ջանքերը՝ հարձակվելու իր վրա՝ Արցախի ինքնորոշմանը բացահայտ աջակցության համար։

«Ինձ և սենատոր Մարքիին խեղդելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հանուն բարեփոխումների և նրանց արժանապատվության, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի պատճառով: Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ինքնիշխանության պաշտպանության, հայկական հողից ադրբեջանական զորքերի հեռացման և տարածաշրջանում վերջնական հանգստություն հաստատող արդար և տևական խաղաղության համաձայնագրի համար»,–ասել է նա։

Սենատոր Մարքին մասնավորապես նկատել է․ «Մենք չէինք կարող անտեսել վախի և բռնաճնշումների մթնոլորտը հենց համաժողովի պատերից դուրս․․․Մենք չենք կարող լռել։ Մենք չենք կարող անտեսել թշնամական մթնոլորտը, որում համաժողովն այժմ էլ դեռ ընթանում է»։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ սենատոր Մարքին բավական կոպիտ է արտահայտվել. «Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալներին, երաշխավորի էթնիկ հայ խաղաղ բնակիչների վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ և բարեխիղճ բանակցություններ վարի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին հասնելու համար, որը կերաշխավորի տարածաշրջանային խաղաղությունը և միջազգայնորեն համաձայնեցված սահմանները»:

Մեկնաբանելով կատարվածը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք միանում ենք հայությանը՝ հայրենիքում և սփյուռքում՝ շնորհակալություն հայտնելով սենատորներ Մարքիին և Ուայթհաուսին, և, իհարկե, հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնին հայ պատանդների ազատության և Արցախի հայերի վերադարձի պահանջի համար։ Բաքվի փորձը՝ առևանգել COP29-ն իր հանցագործությունները սրբագրելու համար, հակառակ արդյունք է տվել։ Հաջողվել է միայն համաշխարհային ուշադրություն կենտրոնացնել Ալիևի ռեժիմի կոռուպցիայի և աղտոտվածության, ագրեսիայի և բռնաճնշումների վրա»:

Բաքվում սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնը բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկված հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացման հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։

Նոյեմբերի 16-ին Բաքվում COP29-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ թե ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառել Հայաստանի նկատմամբ, սենատոր Ուայթհաուսը պատասխանել է. «Մենք շատ ենք ցավում, որ տեղի է ունեցել այդքան մեծ թվով հայերի տեղահանում։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզումից, որ հայերն են դրա մեղավորը։ Եվ ես, ինձ հյուրընկալողների տանը չեմ ուզում անդրադառնալ մարդու իրավունքների հարցերին, բայց եթե դա անեմ՝ հաճոյախոսություն չի լինի։ Մենք կարծում ենք՝ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Կարծում ենք՝ պետք է լինի հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք։ Եվ մենք կարծում ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է կնքվի խաղաղության պայմանագիր»: