19 նոյեմբերի 2024 - 18:35 AMT
Քրվարույթ՝ Երվանդ Քոչարի նկարների անհետացման հայտարարությունների առնչությամբ

Հայտնի նկարիչ Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը քննչական կոմիտե հաղորդում է տվել, որ 1987թ. Քոչարի թանգարանին ի պահ է հանձնել իրեն պատկանող նկարներ, արձաններ և այլն, սակայն 2023թ. դեկտեմբերին, մշակութային արժեքների վերաբերյալ հետաքրքրվելու ժամանակ, տեղեկացել է, որ պետական սեփականություն հանդիսացող՝ Քոչարի ստեղծագործությունների մի մասը տարիների ընթացքում վաճառվել է։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ռուբեն Քոչարի հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղեկացնում է Radar Armenia-ն։

Վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով վստահված գույքը հափշտակելը) հատկանիշներով, որով նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մշակութային արժեքների հնարավոր կորստի, դրանց հնարավոր վաճառքի հանգամանքները։

«Քրեաիրավական գնահատականներ կտրվեն՝ ելնելով քննությամբ ձեռք բերվելիք փաստական տվյալների համադրման արդյունքներից»,- ասել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ «Քոչար» մշակութային հիմնադրամը ևս հայտնել էր այս մասին։ Սակայն «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ը հերքել էր 7 գործի անհետանալու վերաբերյալ լուրը՝ հաղորդագրություն տարածելով. «Երվանդ Քոչարի թանգարանից 500,000 դոլար արժողությամբ 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։