Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տրանսպորտի ինքնարժեքը մոտավորապես 209.52 դրամ է։
Նա նշել է, որ տրանսպորտի ոլորտում վերջին փոփոխություններից հետո օրական միջինը 35 մլն դրամի մուտք են ունենում, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ միջինը 28.5 մլն դրամ․ ամսական միջինը 10.5 մլրդ դրամ է, հայտնում է Radar Armenia-ն։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025թ. «Երևան ավտոբուսի» ծախսերը միայն սպասարկման համար պլանավորվել է 22 մլրդ դրամ, քաղաքապետը հաշվարկից հետո նշել է՝ այսօրվա ուղևորափոխադրման ծավալների դեպքում տրանսպորտի ինքնարժեքը կկազմի 209.52 դրամ։
Երևանի ավագանին ընդունել է հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը: Նախատեսվում է, որ հանրային տրանսպորտն անվճար կդառնա 0-7 տարեկանների, ծնողազուրկ դպրոցականների և ուսանողների, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, պետական խնամքի տակ գտնվող, ՀՀ ազգային հերոսի, Մարտական խաչի և այլ շքանշաններ ստացածների ու 4 և ավելի երեխա ունեցող ծնողների համար։Զեղչեր կտրամադրվեն դպրոցականներին (20%), թոշակառուներին (30%), ուսանողներին (15%), ինչպես նաև նպաստառուներին (20%)։
Երևանի ավագանին ընդունել է նաև Արցախի կամ ՀՀ պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների՝ տրանսպորտից արտոնություններով օգտվելու առաջարկը։