25 նոյեմբերի 2024 - 10:39 AMT
Կոպիրկին. ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ անվտանգության ապահովմանը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ՌԴ-ն հավատարիմ է ՀՀ անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։ Նա այդ մասին ասել է «Իզվեստիային» տված հարցազրույցում՝ պատասախանելով այն հարցին, թե ՀԱՊԿ-ում իր աշխատանքները սառեցրած Հայաստանը նոյեմբերի 28-ին կմասնակցի՞ Աստանայում կայանալիք նիստին և ինչպիսին են ՀԱՊԿ–ում ՀՀ գործունեության լիարժեք վերականգնման հեռանկարները։

Նա նաև նշել է, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա։

«Ակնկալում ենք մեր հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասարազոր և անբաժանելի անվտանգության համակարգի մշակման ջանքերին, որի գաղափարն առաջ է քաշել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա այդ հարցը բարձրացրել է նաև վերջերս Կազանում՝ BRICS գագաթնաժողովում», - ասել է դեսպանը։

Նա նաև խոսել է ՀՀ համար ԲՐԻԿՍ–ի գրավչության մասին, քանի որ ՌԴ–ից բաի, այնտեղ ներկա են ՀՀ մերձավոր գործընկերները՝ Իրանը, Հնդկաստանը, ԱՄԷ–ն։

«ԲՐԻԿՍ–ին միտված են միանալու նաև Թուրքիան ու Ադրբեջանը։ Դա թույլ է տալիս ասել, որ ամբողջ Հարավային Կովկասը զգում է ԲՐԻԿՍ–ի ձգողունակությունը»,–ասել է դա։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին՝ Կոպիրկինն ասել է, որ ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը մանրակրկիտ և տևական աշխատանք է պահանջում և որ Մոսկվան շահագրգռված է, որ երկրները հնարավորինս շուտ ստորագրեն այդպիսի պայմանագիր։

«Կարևոր է, որ տարածաշրջանի համար այդ ճակատարգրական փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդար կարգավորման վրա՝ առանց որևէ կողմի համար «դառնահամի»։

«ՌԴ–ն միշտ պատրաստ է աջակցել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը՝ հետևելով 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների տառին և ոգուն։ Այդ աջակցության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն իրենք պայմանավորվող կողմերը»,–ասել է նա։

ՌԴ–ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և ներկայացուցիչների հանդիպմանը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։