Հնդկական Indian Defence Research Wing պարբերականը հայտնել է, որ Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին՝ ընդգծելով, որ այն համընկել է հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման հետ։
Այդ մասին գրել է նաև հնդկական ANI News-ը։
Շեշտելով, որ Pinaka–ների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, հնդկական պարբերականը նշում է, որ այդ հրթիռները կարող են խոցել մինչև 80 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները, գրում է «Ազատությունը»։
Նշելով, որ Հայաստանը հնդկական զենքի 3 խոշոր գնորդներից մեկն է՝ Ֆրանիսայի և ԱՄՆ-ի հետ միասին, հնդկական պարբերականը նաև տեղեկացնում է, թե Pinaka–ներwv հետաքրքրված է Ֆրանսիան ևս։
Այս զինատեսակի մատակարարման պայմանագիրը Հայաստանն ու Հնդկաստանը կնքել էին դեռևս 2 տարի առաջ։ 2022-ին հնդկական կողմը պաշտոնապես հաստատել էր, որ Հայաստանը «Պինակա» ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել, որոնք Դելիից Երևան պետք է տեղափոխվեին առաջիկա երկու տարում: Այդ մասին հայտնել էր հրթիռների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերության՝ Solar Industries-ի ղեկավարը։ Վերջինս նշել էր, թե «Պինակա 1»-ի, ընդլայնված հեռահարության «Պինակայի» և կառավարվող «Պինակայի» արտահանման պատվեր են ստացել Հայաստանից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, չի մեկնաբանում սպառազինության գնման մասին հնդկական կողմի տեղեկությունները՝ խնդրելով հիմք ընդունել նախարարության՝ միջազգային համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները և իրավասու պաշտոնյաների հայտարարությունները։
Նոյեմբերի 24–ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե օտարերկրյա լրատվամիջոցները շարունակում են Հայաստանի սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև դրա շուրջ բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ տարածել: ՊՆ–ն հայստանյան լրատվամիջոցներին հորդորում է նախքան նման նյութերը հրապարակելը ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ: