Բաքուն օկուպացրած Դադիվանքը, որը գտնվում է Քարվաճառում, փոխանցել է ուդիների համայնքի տնօրինությանը, գրում է Report.az-ը։
Արցախում հայկական ամեն ինչ ոչնչացնելու ձգտումով առաջնորդվող Ադրբեջանը, որի նախագահ Իլհամ Ալիևը 2020–ի պատերազմից անմիջապես հետո բացահայտ կարգադրեց ջնջել եկեղեցիների վրայի հայերեն գրությունները, հայերին է փորձում մեղադրել վանքը յուրացնելու և «տաճարի պատմությունը կեղծելու մեջ»։
Ըստ Monumentwatch.org-ի, 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից և Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքների շուրջ սկսեց բազմաբնույթ հակահայկական քարոզչություն իրականացնել: Նման նպատակաուղղված քարոզչությունն առաջին հերթին թիրախավորում է Արցախի գրավյալ տարածքներում գտնվող բազմաթիվ հայկական քրիստոնեական հոգևոր հուշարձանները: Ադրբեջանական քարոզչամեքենան, հետևելով դեռևս խորհրդային տարիներին ձևավորված և Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգության յուրացմանը միտված քաղաքականությանը, դրանք ներկայացնում է որպես աղվանական մշակութային հուշարձաններ և կապում Կովկասյան Աղվանքի հետ:
2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսեց ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:
Մինչև 1990-ական թվականները ժամանակակից Արդբեջանի տարածքում բնակվող ուդիների մեծագույնը մասը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին: Նրանք գլխավորապես բնակվում են ժամանակակից Արդբեջանի հյուսիսում: Ուդիներից շատերը Ադրբեջանից հեռացան 1988-1990 թվականներին հայ բնակչության հետ միասին, քանի ադրբեջանցիների կողմից դիտարկվում էին որպես հայեր կամ հայերին մոտ կանգնած:
Մինչև 12-րդ դարը վանքի պատմության և շինարարական գործունեության մասին տեղեկություններ հայտնի չեն, բայց արդեն 12-րդ դարի երկրորդ կեսին այն հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն էր։ 2-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ինչպես վկայում են վանքի պատերին փորագրված արձանագրությունները, վանքում սկսվում են նորոգվել պաշտամունքային և աշխարհիկ շինությունները, ինչպես նաև կառուցվել նորերը, ինչի արդյունքում և հիմնականում ձևավորվել է վանական համալիրի մերօրյա տեսքը։
Դադիվանքը բաղկացած է երկու մեծ՝ պաշտամունքային և աշխարհիկ հուշարձանախմբերից, որոնք տեղադրված են համապատասխանաբար վերին՝ հյուսիսային և ստորին՝ հարավային դարավանդների վրա և ներառված են միասնական պարիսպների մեջ։ Առանձին շինություններ տեղադրված են նաև պարիսպներից դուրս։ Վանքի գլխավոր մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Այն որձաքարից շարված միակամար բացվածք ունի: Համալիրի երկրորդ մուտքն ավելի համեստ չափեր ունի և գտնվում է հարավարևմտյան կողմում: Կառույցները կանգուն, կիսավեր, վթարային կամ ավերակ վիճակում են։ Հյուսիսային դարավանդում գտնվում են եկեղեցիները, գավիթները, զանգակատունը, իսկ հարավայինում՝ աշխարհիկ շենքերը» (աղբյուր՝ monumentwatch.org):