28 նոյեմբերի 2024 - 16:21 AMT
Լուկաշենկո․ ՀՀ պատվիրակության բացակայությունը բնութագրում է տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական վիճակը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում ունեցած ելույթում անդրադարձել է այն հարցին, որ ՀՀ–ն չի մասնակցում նիստին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում նոյեմբերի 28-ին Աստանայում մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովին։

«Այսօր ես եմ հանդես գալիս առաջինը, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում նիստին։ Ի դեպ, ՀՀ պատվիրակության բացակայությունը բնութագրում է ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և ինչ–որ առումով՝ նաև մեր կազմակերպությունում»,–ասել է նա, հայտնում է «Բելտան»։

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները սովորաբար ելույթ են ունենում այբբենական կարգով, ուստի, քանի որ ՀՀ պատվիրակությունը բացակա էր, առաջինը ելույթ է ունեցել Բելառուսի ներկայացուցիչը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նոյեմբերի 26–ին ասել է, որ ՌԴ–ն հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որով նա կասեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ–ին, սակայն, Երևանը շարունակում է ՀԱՊԿ անդամ մնալ և նրա համար բաց են ՀԱՊԿ միջոցառումների բոլոր դռները։ «ՀՀ ներկայացուցիչները, վաղ թե ուշ, կվերսկսեն համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակում»,–ասել է նա։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։